Վարորդների հեռախոսից՝ «Կարմիր գծերի» վճարը մուծելիս ԱԱՀ չի գանձվի, միջնորդավճարն էլ կկազմի 2 դրամ

«Փաստ» օրաթերթ/ Երեկ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը հաղորդագրություն տարածեց այն մասին, թե ստեղծվել է հատուկ ձևաչափ, որը թույլ կտա պահպանել ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության գանձման տեսակը և օգոստոսի 1–ից առանց միջնորդավճարի ու ԱԱՀ–ի վճարում կլինի՝ սահմանելով բացառապես SMS ծառայության համար 2 դրամ արտոնյալ վճար։

Հիշեցնենք, որ մինչ այս ծառայությունը սպասարկող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության կողմից հայտարարություն էր տարածվել այն մասին, թե օգոստոսի 1–ից հեռախոսի միջոցով ավտոկայանատեղիի վճարը վճարելու դեպքում մեկ ժամ կայանելու դիմաց նախկին 100 դրամի փոխարեն 149 դրամ է գանձվելու:

Ինչպես հիշում եք, սա բավական մեծ աղմուկ բարձրացրեց թե՛ հանրության, թե՛ վարորդների ու առհասարակ սպառողների շահերով մտահոգ հասարակական կազմակերպությունների կողմից: Գործընթացից անմասն չէր նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը, որի անդամներն այդ օրերին ամեն կերպ բարձրաձայնում էին խնդիրը և դրա անօրինական լինելը: Ինչևէ, այսօր արդեն այս խնդիրը լուծված է և ի ուրախություն Երևանի վարորդների՝ նրանք ստիպված չեն լինի SMS հաղորդագրության միջոցով վճարում կատարելու ժամանակ ավելորդ գումարներ ծախսել:

Ըստ քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության՝ խնդրի կարգավորման ուղղությամբ քննարկումներ էին մեկնարկել գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի ու կառույցների միջև՝ փոխգործակցության միջոցով հնարավոր լուծումներ գտնելու համար։

Հիշեցնենք, որ մեր նախկին հրապարակումներից մեկում «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը որպես թանկացման պատճառ էր բերել ընկերության ֆինանսական հոսքերի նվազումը, ինչի պատճառով իրենք այլևս չէին կարողանում այդ հավելյալ 50 դրամը վճարել և այդկերպ փորձում էին այս բեռը գցել համայնքի և կամ սպառողների ուսերին: Իրականում, պարզ էր մի բան, որ մինչ համայնքային ընկերություն դառնալը՝ «Փարքինգ սիթի սերվիս»–ին այնքան էլ չէր խանգարում այդ գումարների վճարումը բջջային օպերատորներին, սակայն նախորդ տարվա ավարտին դառնալով համայնքային ընկերություն և ֆինանսական մուտքերի զգալի նվազման հետևանքով՝ նրանք այլևս ի վիճակի չէին նախկին պայմանները կատարել:

«Փաստը» փորձեց տեղեկանալ, թե այս դրական արդյունքը բջջային օպերատորների զիջմա՞ն գնալու հետևանք է, թե ոչ: Ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, թե բանակցություններն ամբողջությամբ կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը, հայտարարությունը նույնպես տարածվել է քաղաքապետարանի կողմից, և բոլոր մեկնաբանություններն իրենցից կստանաք: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ մեր նույն հարցին դրական պատասխան տվեց՝ ասելով, թե բնականաբար այո, և բջջային օպերատորներն են նվազեցրել սահմանված միջնորդավճարի չափը:

Քաղաքապետարանի կողմից տարածված լուրի հետ կապված զրուցեցինք նաև Երևանի ավագանու անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ–ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ:

«Այստեղ շատ կարևոր էր հանրային ճնշումը թե՛ քաղաքացիական, թե՛ քաղաքական ճակատում, քանի որ ցանկացած պայքար պետք է և՛ քաղաքապետարանի ներսում տարվի, և՛ քաղաքապետարանից դուրս: «Ելքն» իր մեծ և նշանակալի ներդրումն ունի այս ամենի մեջ, քանի որ այս հարցի շուրջ որևէ այլ քաղաքական միավորում իր կարծիքը նույնիսկ չէր հայտնել»,– ասաց նա: Մեր այն դիտարկմանն էլ, թե կարելի՞ է ենթադրել, որ առանց իրենց աջակցության, միայն քաղաքացիական հանրության բողոքների արդյունքում նույնպես այսպիսի արդյունք կլիներ՝ ավագանու անդամը դժվարացավ պատասխանել: Սակայն ասաց, թե ներկայում այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ իշխանության ամեն մի ապօրինի որոշման դեմ առանձին–առանձին՝ միայն քաղաքական կամ միայն քաղաքացիական պայքար տանելը դժվար է արդյունք տալիս:

«Բայց որպես քաղաքացի՝ կարծում եմ, որ ցանկացած ապօրինի որոշման դեմ պետք է և՛ քաղաքացին դիմակայի ու պայքարի, և՛ ընդդիմադիր ուժը օրենքների սահմաններում գործի»,– հավելեց նա:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ