«Միայն աջ ուժերով երկիրը զարգացնել հնարավոր չէ»

Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը Oratert.am-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ եթե ԱԺ արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա իրենց կուսակցությունն անպայման կմասնակցի: Հաշվի առնելով ժողովրդի ներկա տրամադրությունները՝ կուսակցության ղեկավարի կարծիքով, իրենք կփոխեն ընտրությունների մասնակցության ձևաչափը, և ձախ ուժերի ավելի մեծ և լայն՝ ընդլայնված դաշինքով հանդես կգան: Բայց, օրինակ, ՀՅԴ–ի հետ կոալիցիա կազմելու մասին չեն մտածում:


«Ձախ ուժերը միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը չէ: Բացի այդ, մենք Դաշնակցության հետ համագործակցելու ավանդույթ չունենք: Ձախ ուժեր ասելով՝ հասկանում ենք նրանց, ովքեր ունեն նաև աշխարհընկալումային այնպիսի մոտեցումներ, ինչպիսին մենք ունենք: Եվ բոլոր այն կուսակցությունները, որոնք կլինեն այդ դաշտում, կարող են ակնկալել, որ կարող են մաս կազմել ձախ ուժերի դաշինքին»,– ասաց Վ. Սաֆարյանը:

ՀԱԿԿ–ն, ինչպես հայտնի է, սոցիալիստական գաղափարախոսություն կրող քաղաքական ուժ է և կարևորում է տնտեսության քաղաքականության մեջ պետության դերի բարձրացումը: Վ. Սաֆարյանի տեղեկացմամբ, Հայաստանում 20–ից ավելի նման գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժ կա, որոնք կարող են միևնույն գաղափարի և դրոշի շուրջ համախմբվել: Եթե մինչև հիմա այդ ուժերը չեն համախմբվել, կուսակցության առաջնորդի կարծիքով, մեղավորը ներքաղաքական իրավիճակն է եղել:

«Ստեղծված իրավիճակում, երբ ձայների 81%–ը ստանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները սկսում են մտածել լայն կոնսոլիդացիա ձևավորելու մասին: Իրավիճակն է թելադրում գնալ այդ ճանապարհով»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Կուսակցության առաջնորդի կարծիքով, մինչև տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելը միայն գործող իշխանությանն է ձեռնտու, քանի որ ադմինիստրատիվ և ֆինանսական լծակներն իրենց ձեռքում են: Իսկ իրենց կուսակցության նման քաղաքական ուժերին մոտ վեց ամիս ժամանակ է պետք ընտրություններին պատշաճ պատրաստվելու, ուժերը կոնսոլիդացնելու և ժողովրդին ներկայանալու համար:

«Մեր պառլամենտը պետք է դասական պառլամենտների նման լինի: Այնտեղ պետք է ձախ և աջ ուժեր լինեն, նրանց մեջ պետք է գաղափարական պայքար լինի: Սակայն, ինչպես տեսնում ենք, այսօրվա պառլամենտում գաղափարական պայքարին պատրաստ կուսակցություններ չկան, քանի որ բոլորն էլ միևնույն՝ լիբերալ գաղափարախոսություն ունեցող կուսակցություններն են: Այդ է պատճառը, որ մեր պառլամենտը միատարր ու միագույն է: Մինչդեռ դասական իմաստով, բնակչության աղքատության 30 %–ից ավելի ցուցանիշ ունենալու պարագայում չէր կարող նման արդյունք լինել: Բայց այդ մարդիկ գնում և ընտրում են լիբերալներին: Դասական քաղաքականություն ունեցող երկրներում այդպես չի լինում»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Քաղաքական գործչի կարծիքով, դա ոչ թե ձախ ուժերի թուլության, այլ երկար տարիների ընտրակեղծիքների հետևանք է: Այն թույլ չի տվել, որ ժողովուրդը կարողանա իր կամքն ազատ արտահայտել: Խոսելով վերջին ընտրությունների ժամանակ գրանցված արդյունքների և ազատ կամարտահայտության հնարավորությունների մասին՝ Վ.Սաֆարյանն ասաց, որ արձանագրված արդյունքները էյֆորիայի հետևանք են, որից պետք է հասարակությունը փորձի մի փոքր սթափվել:

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ժողովուրդը պետք է հասկանա, որ եթե միատարր և միագույն պառամենտ ունենա, ապա այն չի կարող երկրի զարգացման և առաջընթացի համար արդյունավետ գործել: Մեր սպասելիքն առաջիկա ընտրություններից այն է, որ կարողանանք հակակշիռների ինստիտուտ ձևավորել: Ե՛վ կառավարությունում, և՛ պառլամենտում լիբերալից բացի պետք է նաև այլ գաղափարախոսություն ունեցող ուժեր լինեն, որպեսզի կարողանան ոչ միայն իրենց քաղաքական մոտեցումները ներկայացնել, այլև տնտեսական քաղաքականությունը: Այլապես մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, որը չի կարողանա երկրի համար առաջընթաց ապահովել»,– ասաց Վ.Սաֆարյանը:

դիտվել է 5 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված