Քաղտեխնոլոգ. «Կա երկու ճանապարհ՝ լավ կամ վատ»

Իշխող կուսակցությունը վերջնականապես ի՞նչ ճանապարհով կփորձի հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այս պահի դրությամբ հստակ չէ. մի քանի ճանապարհներ են նշվում, որոնցից մեկը Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է, որպեսզի վարչապետը մնա, իսկ խորհրդարանն ինքնալուծարվի, որի համար, սակայն, անհրաժեշտ է ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի համաձայնությունը: Oratert.am–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը՝ անդրադառնալով ԱԺ–ն ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու բանակցություններին, ընտրությունների անցկացման հնարավոր տարբերակներին:

«Այսօրվա դրությամբ այդ համաձայնությունը կարող է չստացվել, որովհետև ՀՀԿ–ն այս պահին մերժում է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իսկ թե ԱԺ ընտրություններին հասնելու համար ո՞ր ճանապարհը կընտրվի, այս պահին հայտնի չէ: Բացի այդ՝ ՀՀԿ–ն փորձում է մի քայլ ձեռնարկել. օրենքի նախագիծ է ներկայացնում, ըստ որի, եթե ԱԺ նիստերը չկայանան, կհամարվեն հետաձգված: Սա արվում է նրա համար, որ եթե վարչապետն ընտրի երկրորդ ճանապարհը, այսինքն, երբ հրաժարական է տալիս, ԱԺ–ն շրջապատվում է, չհամարվի, որ ԱԺ–ն նիստ չի գումարել, այլ համարվի, որ այն հետաձգված է: Սա է ՀՀԿ–ի ամենասխալ ճանապարհը: Փոխարենը մտածեն ինչպես են բարեփոխվում, հակառակն են անում՝ ուզում են կասեցնել պատմության զարգացման ընթացքը: Մերժելով ԱԺ ընտրությունները՝ ուզում են հետաձգել ընտրությունները՝ գիտակցելով, որ արտահերթի դեպքում իրենք չեն անցնելու խորհրդարան»,–ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ ՀՀԿ–ն, այնուամենայնիվ, հաջողության չի հասնելու:

Արմեն Բադալ յանի խոսքով՝ ԱԺ ընտրություններին հասնելու երկու տարբերակ կա.

«Առաջինը բանակցությունների տարբերակն է. բոլորը համաձայնում են, որ խորհրդարանը պետք է լուծարվի և մինչև տարեվերջ անցկացվեն ընտրություններ: Տարբերակ երկու՝ ուժերը չեն համաձայնում ԱԺ–ն ցրել ու մինչև տարեվերջ անցկացնել արտահերթ ընտրություններ, իսկ կառավարությունը գնում է որոշակի քայլերի, որը միգուցե այդքան էլ համահունչ չլինի Սահմանադրության հետ, բայց համահունչ լինի քաղաքական իրավիճակին: Մեծ հաշվով՝ երկու ճանապարհ՝ լավ կամ վատ»:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ եթե բանակցությունների միջոցով ուժերը համաձայնության գան, շատ արագ կփոխվեն նաև Ընտրական և գուցե հարակից որոշ օրենքներ:

«Այդ պարագայում հնարավոր է ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել մինչև տարեվերջ, ինչը խիստ անհրաժեշտ է. այսօրվա դրությամբ կառավարությունը կատարում է բազմաթիվ կոպտագույն սխալներ, իսկ այս կառավարությանն անհրաժեշտ է խիստ քննադատություն: Այդուհանդերձ՝ մենք ԱԺ–ում չենք տեսնում մի ուժ, որը կքննադատի կառավարությանը: ՀՅԴ–ն, ԲՀԿ–ն և «Լույս» դաշինքը կառավարությունում իրենց ներկայացուցիչներն ունեն և տրամաբանական չի լինի ԱԺ–ում քննադատել նրանց գործունեությունը: Իսկ ՀՀԿ–ն չունի այն վարկանիշը, ըստ որի մարդիկ կարող են հավատալ այդ քննադատությանը: Ստացվում է, որ ԱԺ–ում չկա նորմալ ընդդիմություն, ինչը մտահոգիչ է: Դա նորմալ իրավիճակ չէ: ԱԺ–ում պետք է լինի հասարակության մեծ մասի վստահությունը վայելող իշխող քաղաքական ուժ, և հասարակության փոքր մասի վստահությունը վայելող ընդդիմադիր ուժ: Եվ դրանով Հայաստանում պետք է ավարտվի հեղափոխություն կոչված իրավիճակը, իսկ հետո վստահություն վայելող ուժն արդեն կկարողանա տեղին քննադատել իշխանության կողմից վարվող այս քաղաքականությունը: Եթե երկիրն այդ վիճակին չգա, ուղղակի չի զարգանա: Բացի ՔՊ–ից մնացած բոլոր ուժերը կարող են ընդդիմություն լինել. եթե գրագետ քարոզարշավ իրականացնեն՝ կարող են լինել»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Ընտրությունների չգնալու վերաբերյալ ՀՀԿ–ի առաջ քաշած թեզերն Արմեն Բադալ յանը տրամաբանությունից դուրս է համարում:

«Հինգ ամսվա ընթացքում իրենց կուսակցությունը ռեբրենդինգ անելու ուղղությամբ որևէ աշխատանք չեն կատարել: Չկատարված աշխատանքները փորձում են բացատրել ստեղծված իրավիճակով, ինչն ուղղակի հարցից խուսափելու քաղաքակիրթ ձև է: Իրականում, օրինակ, պատճառն այն չէ, թե կա հեղափոխական էյֆորիա և նաև այդ պատճառով են հրաժարվում մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ ծավալվող գործընթացին: Իրենց նկատմամբ կա ատելություն, և նրանք այս ընթացքում չփորձեցին որևէ ձևով չեզոքացնել այդ ատելությունը: Կատարեցին գործողություններ, որոնք չպետք է անեին: Հիմա հասկանում են, որ չեն անցնելու խորհրդարան, իսկ ԱԺ չանցնելն իրենց հինգ տարով հետ է գցելու քաղաքական համակարգից: Բացի այդ՝ պատմությունը ցույց է տալիս, որ շատ հազվադեպ է պատահում, երբ ժամանակին իշխող կուսակցություն հանդիսացող ուժը կարող է վերադառնալ: Իրենք չեն ուզում հասկանալ, որ իրենց գործողություններով չեն կարող կասեցնել պատմության զարգացման ընթացքը: Իսկ թե այդ ընթացքն իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, այն, այնուամենայնիվ, գնում է դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,–եզրափակեց քաղտեխնոլոգը:

դիտվել է 5 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված