«Դպրոցները փակելու որոշման մեջ «փակել», «լուծարել» բառերը չեն օգտագործվում»

Հանրապետության խոշոր քաղաքներից մեկում հիմնական դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթին մասնակցելու դիմում չներկայացնելու դեպքը առիթ հանդիսացավ մտորելութե ինչպես կարող է գործազրկության նման պայմաններում այդպիսի առաջարկի հանդեպ պահանջարկ չձևավորվել: Պատկերն ավելի հետաքրքիր է դառնում, երբ համեմատում ենք ոչ վաղ անցյալում՝ նախկին իշխանությունների ժամանակների դպրոցների տնօրենների մրցույթների անցկացման, այդ պաշտոնի հավակնորդների հերթի երկարության ու պաշտոնն իրարից խլելու տխրահռչակ դեպքերի հետ:

Հիմա, երբ իրավիճակ է փոխվել, ընտրությունների ժամանակ տնօրեններն այլևս առաջվա պես օդ ու ջրի նման պետք չեն իշխանություններին, պարզվում է, որ այդ պաշտոնն էլ այլևս առաջվանը չէ: Նույնիսկ կարող է անգամ պահանջարկ չունենալ հասարակության շրջանում:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Մեջլումյանը oratert.site-ի հետ զրույցում նշեց, որ մեկ դպրոցի օրինակով դժվար է ասել, թե ինչ խնդիր կարող էր լինել, որ որևէ դիմում չլինի, քանի որ դա խիստ անհատական հարց է և ճիշտ եզրակացություն անելու համար հարկավոր է հարցը մանրամասն ուսումնասիրել:

«Մեկ դպրոցի օրինակով դժվար է եզրակացություն անելը, քանի որ պատճառները կարող են տարբեր լինել: Օրինակ՝ կարող է դպրոցը պարտքեր ունի, կարող է անմխիթար վիճակում է, թեկնածուները գիտեն, որ այդպես է, չեն ցանկանում նման խնդիրների մեջ մտնել և այլն: Այսինքն, տասնյակ պատճառներ կարող են լինել, որոնք հարկավոր է ուսումնասիրել»,– ասաց Ա. Մեջլումյանը:

Վերջին ուսումնասիրությունը, որը կազմակերպությունն իրականացրել է, դպրոցների օպտիմալացման խնդրին է վերաբերել: Ուսումնասիրել են 2017 թ. կառավարության կողմից ընդունված՝ դպրոցների օպտիմալացման մասին որոշման հետևանքները: Ըստ այդմ՝ օգոստոսից սկսած հանրապետությունում մոտ 16 դպրոց է օպտիմալացվել, որը, պարզվում է, բավականին խնդիրներ է առաջացրել: Նոր կառավարության օրոք, սակայն, բարեբախտաբար, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ գյուղերում այլևս դպրոցներ չեն փակվի, փոխարենը այլ գործառույթներ կավելանան:

«Դպրոցները փակվել են կառավարության որոշումներով, բայց այդ որոշման մեջ չի նշվել «դպրոցը փակել» բառակապակցությունը: Դրա փոխարեն կա այսպիսի ստանդարտ ձևակերպում՝ «վերակազմակերպել դպրոցը և միացնել մեկ այլ դպրոցի»: Ստացվում է, որ դպրոցը թեև փաստացի փակվում է, բայց իրավաբանական ձևակերպման տեսանկյունից որոշման տեքստերում «փակել», «լուծարել» բառակապակցությունները չեն օգտագործվում: Նման ճակատագրի անցյալ տարի արժանացել են մայրաքաղաքի Կոնդում գտնվող դպրոցը, Էրեբունի, Արաբկիր, Կենտրոն համայնքների որոշ դպրոցներ և այլն: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ դպրոցների մոտ 30 %–ը մայրաքաղաքում էին, իսկ մնացածը՝ մարզերում»,– ասաց Ա. Մեջլումյանը:

Շենքեր կան, որոնք արդեն հատկացվել են, մի մասն էլ փոխանցվել է Պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռին: Փոփոխությունները բազմաթիվ խնդիրներ են առաջացրել, որոնք այդպես էլ մնացել են օդում կախված: Ու թեև դրանց լուծումները գտնելու ուղղությամբ մտածում են նոր իշխանությունները, բայց ամեն հարց չէ, որ հնարավոր է մեկ օրում լուծել: Ի դեպ, դպրոցների շենք–շինությունների մասնավորեցման գործընթացի վերջին ալիքը եղել է անցյալ տարվա օգոստոս–հոկտեմբերին, իսկ իշխանափոխությունից հետո այդ մոտեցումն ամբողջովին կասեցվել է: Ու թե ինչ ճակատագրի կարժանանան նախորդ իշխանությունների ժամանակ օպտիմալացման ենթարկված շինությունները, դեռ պարզ չէ:

«Իշխանափոխությունից հետո ԿԳ նախարարի առաջին քայլերից մեկն էլ այն էր, որ այցելելով Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոց, որը նախորդ կառավարության որոշմամբ պետք է փակվեր, հայտարարեց, որ այդ դպրոցն այլևս չի փակվելու: Հետագայում վերանայվեց ոչ միայն կառավարության այդ որոշումը, այլև ողջ քաղաքականությունը: Այսինքն, այսօրվա դրությամբ կարող ենք արձանագրել, որ նոր կառավարությունն այդ խնդիրն արդեն լուծել է: Ոլորտի բոլոր պաշտոնյաներն էլ նշում են, որ այն այլևս նախկին ձևով չի շարունակվելու: Ինչ վերաբերում է գյուղական վայրերին, ապա այնտեղ, հատկապես, այլևս որևէ դպրոց չի փակվելու, իսկ մասնագետների հարցը դեռևս շարունակում է օրակարգային մնալ»,– ասաց Ա. Մեջլումյանը:

հեղինակ՝ Արմինե Գրիգորյան

դիտվել է 6 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված