Հարկավոր է մտածել թե՛ չծխողների և թե՛ ծխողների առողջության մասին

«Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի հեղինակները նպատակ չունեն կարգավորել առևտրային հարաբերությունները: ՀՀ առողջապահության նախարարության հիմնական նպատակը սպառման ծավալների կրճատման հաշվին մարդկանց առողջությանը հասցվող ռիսկը նվազեցնելն ու առողջությունը պահպանելն է:

Ու քանի դեռ աշխարհը հեռու է այն մտքից, որ ծխախոտը կարող է դառնալ արգելված ապրանք, ուստի ոլորտի պատասխանատուների պարտքն է ամեն կերպ նպաստել, որպեսզի ծխախոտի սպառման ծավալները կրճատվեն: Եթե դրա արդյունքում ծխախոտ արտադրող կամ ներկրող տնտեսվարողները վնասներ կրեն, ապա առողջապահության ոլորտի մասնագետների համար դա կարող է դիտվել որպես կողմնակի էֆեկտ, քանի որ նրանց համար ամենակարևորը հասարակության առողջության պահպանմանը նպաստելն ու մարդկանց կյանքի որակը բարձրացնելն է:

Ի դեպ, մասնագետները հավաստիացնում են, որ ծխելը հիմնականում մահվան հանգեցնող երկու հիվանդության պատճառ է հանդիսանում: Դրանք են՝ քաղցկեղն ու սրտանոթային հիվանդությունները: Համաշխարհային բժշկագիտությունը ծխելու վտանգների մասին այլ կարծիք չունի:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով, հասարակությունը ծխելու վտանգները պետք է ընկալի ոչ թե տհաճ հոտի, տգեղ վարքագծի, այլ մեկ ուրիշ տեսանկյունից. պետք է իրազեկված լինի այն հիմնական խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ ծխելու հետևանքով:

«Տհաճ հոտը, տգեղ վարքագիծը և այլ մոտեցումները երկրորդային են: Ամենակարևորն այն է, որ մարդն իմանա, որ ծխելը նրան պարզապես տանում է մահվան: Եվ այլ ալեգորիաներ ու զուգահեռներ այս հարցի դեպքում պետք չէ անցկացնել: Բժշկագիտության բոլոր հնարավոր հետազոտությունների արդյունքներն այս մասին են վկայում: Եվ, որպես կառավարություն, մեր պարտքն է մեր քաղաքացիներին պաշտպանել այդ ռիսկից: Մեր խնդիրն է թե՛ չծխողների և թե՛ ծխողների առողջությունը պահպանելը: Դա իշխանությունների պարտավորությունն է: Եվ ինչպես անկախ քաղաքացիների կամքից պետական մարմինները հոգում են, օրինակ, ճանապարհային երթևեկության, վերելակներից օգտվելու և հասարակությանը վերաբերող անվտանգության այլ հարցերը, այնպես էլ առողջության պահպանման հարցի մասին են հոգ տանում»,– ասաց Ա. Թորոսյանը:

Նախարարը շեշտեց նաև, որ 2019 թ. բյուջեով քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված հատկացումներն ավելացել են:

«Ուռուցքաբանությանը հատկացվող գումարները մոտ երկու անգամ աճելու են: Ճիշտ է՝ դա բավարար չէ ամբողջ պահանջարկի համար, բայց ամեն դեպքում դա կարելի է էական աճ համարել: Նախատեսում ենք մեկ այլ նոր ծրագիր սկսել, որը կրկին կապված է ծխելու ռիսկի նվազեցման հետ: Դա ինսուլտների կանխարգելման ծրագիրն է, որը կրկին կարող է ծխելու հետևանքով առաջացած լինել»,– ասաց Ա. Թորոսյանը:

oratert.site-ը փորձեց սեփական հարցախույզն անցկացնել՝ պարզելու համար, թե իրականում քաղաքացիներն ինչպես են վերաբերվում ծխախոտի դեմ պայքարին: Մեր զրուցակից Ռուզան Առաքել յանը նշեց, որ ինքը կողմ է խստացմանը և ցանկանում է, որ ծխախոտի գինն այնքան բարձրանա, որ ծխողները չկարողանան անգամ այն գնել:

«Դա վնաս է և՛ առողջությանը, և՛ գրպանին: Բացի այդ, ամենակարևորն այն է, որ եթե ընտանիքի անդամները չծխեն, ապա երեխաները երբեք չեն մտածի ծխելու մասին: Ինչ վերաբերում է կանանց, ապա, իմ կարծիքով, դա ընդհանրապես անընդունելի է»,–ասաց մեր զրուցակիցը:

Մեր կողմից հարցվածների մեծ մասն, իրոք, կողմ է պայքարին: Հարցախույզի մասնակիցներից մեկն անգամ, ով արդեն 20 տարի է ծխում է, հայտնեց, որ օրենքի ընդունումից հետո ինքը սկսել է մտածել ծխելուց հրաժարվելու մասին: Ու եթե օրենքն էլ ավելի խստանա, ապա միանշանակ քայլեր կձեռնարկի ծխախոտից վերջնականապես հրաժարվելու համար:

հեղինակ՝ Արմինե Գրիգորյան

դիտվել է 4 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված