ՀՀԿ–ն՝ տխուր ավանդույթը խախտելու ճանապարհին. ի՞նչ է ակնարկում Վիգեն Սարգսյանը

Երեկ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որտեղ մասնավորապես նշում էր. «ՀՀԿ–ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը, հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»:

Այս հայտարարությունը հատկապես խորհրդանշական է նախօրեին մեկ այլ հանրապետական պատգամավորի՝ Կարեն Կարապետյանի սպասելի հայտարարության կոնտեքստում. Կարապետյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին: Կարապետյանն, ըստ ամենայնի, միակը չէ ՀՀԿ–ի ռեյտինգային պատգամավորներից, որ նման որոշում է ընդունել, ու ապագայում մենք կտեսնենք կամ կլսենք ռեյտինգայինով ահռելի ձայներ հավաքած այլ պատգամավորների չմասնակցության մասին ևս: Շատերն էլ, ինչպես, օրինակ, Ֆելիքս Ցոլակյանը, կմասնակցեն, բայց այս անգամ ոչ թե ՀՀԿ–ի, այլ իշխանության ցուցակով: Ռեյտինգային պատգամավորների այս պահվածքի կոնտեքստում Վիգեն Սարգսյանի հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որքանով հստակեցվում է ՀՀԿ–ի նոր դերակատարության, նոր կերպարի ձևակերպման խնդիրը:

Հասկանալի պատճառներով այդ խնդիրը առավել քննարկվող է առաջիկա ընտրություններին մասնակցել–չմասնակցելու, անցողիկ շեմը հաղթահարել–չհաղթահարելու կոնտեքստում: Սակայն, մեծ հաշվով, խնդիրն ավելի ընդգրկուն է ու այն կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ ինչպիսի՞ն է լինելու նոր ՀՀԿ–ն կամ ինչպիսի՞ն կլինի ՀՀԿ–ն առանց իշխանության և խոշոր կապիտալի: Իհարկե, ժողովրդից ու պետությունից չնեղանալը չէ, որ դառնալու է ընտրությունների մասնակցության քաղաքական դրդապատճառը: Դա գուցե որպես բարոյական դրդապատճառ ընդունելի է, բայց մյուս կողմից դա լավություն չէ ժողովրդին, իսկ մյուս կողմից քաղաքական դրդապատճառները պետք է փնտրել այլ տեղ: Նույն տեղում պետք է փնտրել նաև նոր ՀՀԿ–ի ձևավորման հումքը:

Վերջին հարցազրույցներից մեկում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը քանիցս մատնանշում էր, որ մի կողմից ՀՀԿ–ն զտվել է, շատերը հեռացել են ու դա իրենց վերանայվելու շանս է տվել, մյուս կողմից, որ իրենք պատրաստվում են լինել ոչ միայն սկզբունքային ու ոչ գրպանային, այլև գաղափարական ընդդիմություն: Վիգեն Սարգսյանը խնդիրը ձևակերպում է այլ կերպ, բայց, ըստ էության, թելը տանելով մեկ ընդհանուր եզրահանգման՝ անցյալի սխալները պետք է ընդունել, ապաշխարհել դրանց համար, այնուհետ տարիների փորձն օգտագործել քաղաքական դաշտում դերակատարություն ունենալու համար:

Չնայած նոր ՀՀԿ–ի ձևավորման գործընթացին զուգահեռ նկատվող հայտարարությունները դեռևս ամբողջական չեն, դրանցում չկա, այսպես ասած, մեկ ամբողջական մանիֆեստի շունչը, բայց ընդհանուր երանգներով հնչող հայտարարություններից պարզ է դառնում զարգացման հնարավոր ուղղությունները: Մի դեպքում ՀՀԿ–ն փորձելու է կապիտաիզացնել իր փորձը, մյուս դեպքում փորձելու է դիրքավորվել որպես կոնսերվատիվ–ազգային գաղափարախոսության կրող, միաժամանակ փորձելու է լուծել նաև մարտավարական խնդիր՝ դիրքավորվելով որպես Փաշինյանի միակ ընդդիմություն: Իսկ միակ կամ մեկ ընդդիմության շուրջ բանավեճերն ու պայքարը նոր երևույթ չեն Հայաստանում: Նախկինում ևս մենք հետևել ենք պրոցեսների, երբ ընդդիմադիր ճակատում էլ պայքարում էին իշխանության կողմից ճանաչելի ու միակ ընդդիմադիր ուժը դառնալու համար:

Ամեն դեպքում առայժմ հատվածական հնչող հայտարարությունները կարիք ունեն ամբողջական ձևակերպման: Առայժմ դրանք մնում են սոսկ հռետորաբանության մակարդակում և գուցե լուծում որոշակի խնդիրներ կարճաժամկետ մակարդակում: Երկարաժամկետ մակարդակում, սակայն, կարիք կա ընթացիկ հռետորաբանությունը վերածել քաղաքական ամբողջական փաստաթղթի:

ՀՀԿ–ի տրանսֆորմացիոն գործընթացները հետաքրքիր են ոչ այնքան այդ կուսակցության հնարավոր մասնակցության կամ խորհրդարան անցնելու հարցերի հետ կապված: Առավել հետաքրքրական է, թե ինչպես է տարիներ շարունակ բացառապես իշխանություն եղած կուսակցությունը փորձելու կենսունակության այլ հիմքեր գտնել: Ի վերջո, խնդիրը ոչ այնքան ՀՀԿ–ի ռևանշը կամ ռեինկարնացիան է, որքան այն՝ արդյո՞ք ՀՀԿ–ն կկարողանա խախտել տխուր ավանդույթն ու իշխանության կուսակցություն լինելով՝ հեղափոխությունից հետո էլ ներկայացված մնալ քաղաքական կյանքում:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

դիտվել է 6 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված