Կուսակցությունները եթե չհասցնեն գրանցվել, կարող են այլ ձևաչափով մասնակցել

Օրերս «Փաստն» անդրադարձել էր այն խնդրին, որ այս պահի դրությամբ համագումարի ժամանակ նոր կուսակցություն ձևավորելու մասին հայտարարած կուսակցություններից ոչ մեկը դեռ չի հասցրել օրենքով սահմանված կարգով գրանցվել: Ու եթե մինչև նոյեմբերի կեսերը չհասցնեն գործընթացն ավարտին հասցնել, ապա չի բացառվում, որ նորաստեղծ կուսակցությունները չմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը «Փաստին» տեղեկացրել էր, որ կան կուսակցություններ, որոնց գրանցման հարցը գործընթացի մեջ է, բայց այս պահին դեռ չի ավարտվել: Իսկ ապրիլից հետո գրանցվածները «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան», «Հայոց հայրենիք» և «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություններն են:

Ընտրական օրենսգրքի 84–րդ հոդվածի 2– րդ կետի համաձայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից ներկայացվում է կուսակցության կանոնադրությունը: Դաշինքում ընդգրկվելու դեպքում նույնպես պետք է կուսակցությունների կանոնադրությունները ներկայացնել: Եվ այս պայմաններում հարց է ծագում, թե նորաստեղծ կուսակցություններին արդյո՞ք կհաջողվի տեղավորվել ժամանակի մեջ ու մասնակցել արտահերթին:

Իրավաբան Սուրեն Պարսյանը Oratert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրություններին կարող են մասնակցել միայն գրանցված կուսակցությունները: Այսինքն, գրանցման գործընթացի մասին արդարադատության նախարարությունից ներկայացված տեղեկանքը կուսակցություններին չի օգնի:
«2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության գրանցման համար կուսակցությունները և դաշինքները իրենց համապատասխան փաստաթղթերը, այդ թվում՝ կանոնադրությունը, պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 15–ը: Այդ ժամանակ պետք է նաև ներկայացնեն կուսակցությունների ցուցակները, ինչպես նաև մնացած բոլոր փաստաթղթերը: Դրանից բացի մեկ շաբաթ ժամկետ է սահմանվում՝ պակասող փաստաթղթերը ներկայացնելու համար: Այսինքն, կուսակցությունները դեռ երկու շաբաթ ունեն, որպեսզի կարողանան պակասող փաստաթղթերը, այդ թվում՝ նաև կուսակցության կանոնադրությունը ներկայացնեն»,– ասաց Ս. Պարսյանը: Հակառակ դեպքում, որպես առանձին միավորումներ, կուսակցությունները կարող են դաշինք ձևավորել և այդկերպ մասնակցել ընտրություններին:

«Հնարավոր է՝ որևէ կուսակցության ցուցակով հանդես գալու տարբերակը: Այսինքն, այս պահին հնարավոր է նաև ընտրություններին մասնակցել առանց կուսակցության կանոնադրության: Այսինքն, այնպես չէ, որ եթե կուսակցությունը չգրանցվի, չի կարողանա ընտրություններին կամ այլ քաղաքական պրոցեսների մասնակցել»,– ասաց Ս. Պարսյանը:

Օրենքում նախատեսված չէ դրույթ, որ եթե կուսակցության գրանցման գործընթացը չի ավարտվել, ապա կուսակցությունը կարող է կանոնադրության փոխարեն արդարադատության նախարարությունից գրանցման ընթացքի մասին տեղեկանք ներկայացնել: Եվ եթե նման բան տեղի ունենա, ապա դա կհամարվի օրենքի խախտում:

«Եթե օրենքով սահմանված ցանկից բացի այլ փաստաթղթերի հիման վրա կատարվի գրանցումը, ապա դա կհամարվի ինքնիրավչություն ԿԸՀ–ի կողմից: Այսինքն, բացառվում է, որ ԿԸՀ–ն նման քայլի գնա, քանի որ գրանցված մյուս կուսակցությունները նման դեպքում իրավունք կունենան դիմել վարչական դատարան և բողոքարկել ԿԸՀ–ի որոշումը: Նման դեպքերում միակ տարբերակը դաշինքով ընտրություններին մասնակցությունն է, բայց այս դեպքում անցողիկ շեմն ավելի բարձր է, քան կուսակցության դեպքում է»,– ասաց իրավաբանը:

դիտվել է 3 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված