Ձուկը ցամաքում շնչահեղձությունից չի սատկում, այլ...

Մենք գիտենք, որ...

Ջրից հանված ձուկը սատկում է շնչահեղձությունից, քանի որ նա շնչում է խռիկներով և յուրացնում է միայն ջրում լուծված թթվածինը:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է՝ ջրից հանած ձուկը սատկում է ֆիզիկական հյուծվածությունից:

Ինչքան էլ զարմանալի լինի, բայց այդպես է: Այդ փաստը հաստատվում է ինչպես հետազոտություններով, այնպես էլ սովորական դիտարկումներով: Կենսաբանները, հերձելով ջրից հանելու հետևանքով սատկած ձկներին, ոչ մի հաստատող փաստ չեն գտել, որ նրանք սատկել են շնչահեղձությունից՝ թթվածնի պակասից: Փոխարենը հաստատվել է, որ ձկները սատկել են լրիվ ուժազրկումից: Ստացվում է, որ ափ ընկած ձուկը կարող է օդից թթվածին յուրացնել, բայց նրա ցանկացած շարժում մեծ ջանքեր է պահանջում և էներգիա է խլում, որը և վերջնականորեն բերում է մահվան՝ հոգնածության և ուժասպառության պատճառով: Հայտնի է դարձել, որ ջրից հանած և սատկած ձկան լ յարդում, երիկամներում, մկաններում և այլ օրգաններում ամբողջությամբ բացակայում է գլիկոգենը, որը հանդիսանում է էներգիայի «պահեստարան», փոխարենը հայտնաբերվել է նորմաները մի քանի անգամ գերազանցող և մահացու թունավորում առաջացնող կաթնաթթվի քանակ (նշենք, որ մկաններում կաթնաթթվի քանակի ավելացումն է հենց մեղավոր ուժեղացված մարզումների ժամանակ մկանացավերի առաջացման համար): Գլիկոգենի բացակայությունը խոսում է այն մասին, որ ձուկը սատկելուց առաջ արագ տեմպով շարժվել է, իսկ դրա համար էներգիա է պահանջվում, որը և օրգանիզմը վերցրել է «գլիկոգենային պահուստից»՝ գլիկոգենը վերածելով գլ յուկոզայի: Ձկան օրգանիզմն աշխատում է իր հնարավորությունների վերին սահմանում և արդյունքում սպառում էներգիայի բոլոր լրացուցիչ աղբյուրները, ինչը հանգեցնում է նրան, որ օրգաններում կուտակվում է կաթնաթթվի այնպիսի կուտակում, որը կարող է թունավորում առաջացնել: Իսկ ինչո՞ւ է այդպես լինում:

Ամբողջ հարցը գոյատևման միջավայրն է, ջրի մեջ ընկղմված ցանկացած մարմին որոշակի չափով կորցնում է իր ծանրության ուժը: Բավական է հիշել միայն կետերին: Խոշոր կետը ափ ընկնելու դեպքում անմիջապես ճզմվում է իր իսկ սեփական զանգվածի տակ, չնայած նույն կետը ջրում իրեն լավ է զգում. մեծ զանգվածը այնտեղ նրան չի խանգարում: Անգամ տիեզերագնացներն են պարապմունքներ անցկացնում ջրի մեջ՝ մեծ խորություններում, որպեսզի հարմարվեն անկշռության պայմաններին: Ջրում գտնվող կենդանի ձուկը մոտավորապես գտնվում է անկշռելիության վիճակում, և արդյունքում նրա մկաններին քիչ էներգիա է պետք աշխատելու համար: Բայց այդ վիճակը կտրուկ փոխվում է նրա՝ ջրից դուրս գտնվելու դեպքում: Անսովոր ուժեղ ծանրության ուժը ստիպում է նրան իր ուժերից վեր շարժումներ կատարել, որից և ձուկը սատկում է: Ասենք, որ նույն վիճակում են լինում նաև տիեզերագնացները Երկիր վայրէջք կատարելուց հետո՝ անկշռելիության վիճակում լինելուց հետո նրանք դժվարությամբ են շարժվում երկրի վրա: Դա ավելի արտահայտիչ է լինում, եթե նրանք երկար ժամանակ են եղել տիեզերքում, անգամ տիեզերքում իրականացրած մկանների ամենօրյա մարզումները չեն օգնում:

Հայտնի է, որ մեծ քանակությամբ կաթնաթթու պարունակող ձուկը համային տեսակետից զիջում է այն քիչ պարունակողից: Այսինքն, ափ հանելուց հետո ձուկն ինչքան շուտ սատկի, այնքան համեղ կլինի: Ուշ կամ շուտ սատկելը կապ ունի նաև ձկան տեսակի հետ, բայց սրանով ապացուցվում է հանրահայտ այն միտքը, որ ձուկը համեղ է լինում, եթե եփվում է սեփական ջրում: Այսինքն, եթե որսալուց հետո անմիջապես ընկնում է կաթսան և սատկում գերտաքացումից՝ չհասցնելով հարստանալ կաթնաթթվով: Նույն կերպ էլ ձմեռային ձկնորսության ժամանակ որսված ձուկը սառույցի վրա սատկում է գերսառեցումից: Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

դիտվել է 3 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված