Քարոզարշավ՝ Ֆեյսբուքից դուրս

Համացանցն ու տեղեկատվական տեխնոլոգիաները օբյեկտիվորեն դարձել են Հայաստանի քաղաքական կյանքի ակտիվ դերակատարներ՝ հաշվի առնելով այդ գործիքների ներգրավվածության աստիճանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական պրոցեսների ընթացքում: Ավելին՝ քաղաքական նոր վերնախավի ակտիվ ներկայությունը ֆեյսբուքյան հարթակներում, այդ հարթակների միջոցով հաղորդակցվելու միտումը էականորեն բարձրացրել են սոցիալական այդ ցանցի դերակատարությունը: Այն, ըստ էության, այսօր դարձել է իշխանություն– հասարակություն, ընդհանրապես քաղաքականություն–հասարակություն տեղեկատվական փոխանակման հիմնական գործիք:

Սակայն, այսքանով հանդերձ, պետք է արձանագրել, որ համացանցն ու սոցիալական ցանցերը ընդամենը տեղեկատվության փոխանակման գործիքներ են, այնինչ տպավորություն է ստեղծվում, թե դրանք ընդհանրապես փոխարինում են քաղաքական դաշտն ու կյանքը: Քարոզարշավին համացանցից դուրս հետևելու դեպքում կարելի է տեսնել այդ թյուրընկալման դրսևորումները: Առաջին հայացքից միայն սոցիալական ցանցերում, մեդիադաշտում են ընթանում քաղաքական քննարկումներն ու քարոզարշավը: Սակայն Երևանի փողոցներով, տարբեր թաղամասերով, առավել ևս՝ տարբեր գյուղերով տարբեր ժամերի քայլեիս կարելի է նկատել, որ կան քարոզարշավային այլ դրսևորումներ:

Շատերն, իհարկե, այդ դրսևորումների մեջ տեսնում են անցյալի հետքը, օրինակ, առանձին վայրերում տարբեր շտաբերի համար աշխատող կամ այդ շտաբերի առջև հավաքված տղաների խմբերի առկայությունը: Բայց մի կողմ թողնելով հարցի գեղագիտական կողմը՝ հարկ է նշել, որ հասարակության ներսում քաղաքական պրոցեսները առնվազն հայելային չեն ֆեյսբուքյան հարթակներում տեղի ունեցողի հետ: Հատկապես ահռելի քանակով ռեյտինգային թեկնածուների առկայության պայմաններում անհնար է համադրել իրական պրոցեսները վիրտուալ տիրույթի հետ: Վիրտուալ տիրույթում կան մի քանի հիմնական սյուժեներ ու հերոսներ, այնինչ իրական տիրույթում թե՛ հերոսներն են շատ, թե՛ սյուժեները: Ընտրությունները ցույց կտան, թե վիրտուալ ու իրական դաշտերից որն է լինելու առավել ազդեցիկ: Խոսքը ոչ թե ընտրության հիմնական արդյունքի՝ հաղթողի մասին է, այլ ասենք մասնակցության թվերի, առանձին վերցրած ռեյտինգային թեկնածուների ձայների համամասնության և էլեկտորալ վարքի այլ դրսևորումների:

դիտվել է 3 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված