Անհավատարիմ ծիծեռնակներն ու նրանց եղանակային «կանխատեսումները»

Մենք գիտենք, որ...

Ծիծեռնակները կանխազգում են եղանակի փոփոխությունը, և եթե նրանք ցածր են թռչում, նշանակում է անձրև է գալու:

Իրականում այդպես չէ:

Ծիծեռնակները երբեք էլ եղանակի փոփոխություն չեն կանխազգում: Ծիծեռնակների թռիչքին նայելիս՝ կարելի է կարծել, թե նրանք հենց այնպես թռչում են, խաղում արևի ճառագայթների հետ: Իրականում նրանք անդադար աշխատում են՝ միջատներ են որսում: Ասում են՝ եթե ծիծեռնակները բարձր են թռչում, արևոտ եղանակ է լինելու, ցածր են թռչում, անձրև է գալու: Նախանշանի առումով երևի թե մարդիկ իրավացի են, բայց խնդիրն այստեղ ոչ թե ծիծեռնակներն են, այլ այն միջատները, որոնց նրանք որսում են: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ավելի ներքև են քաշում: Եթե մենք կարողանայինք օդում ծիծեռնակներից բացի նկատել նաև փոքրիկ միջատներին, ապա անմիջապես ամեն ինչ կհասկանայինք: Ծիծեռնակները միջատներին որսում են միայն օդում: Բայց հեշտ չէ որսալ այնքան միջատ, որ բավականացնի թե՛ իրենց, թե՛ իրենց ձագուկներին: Այ, դրա համար էլ ծիծեռնակն ամբողջ օրը, մինչև մութն ընկնելը, անցկացնում է օդում, միայն երբեմն նստում է հանգստանալու ծառի բարակ ոստին կամ հաղորդալարին: Իսկ բնի մոտ ծիծեռնակը թռչում է հարյուրավոր անգամներ և ամեն անգամ իր ձագուկներին կերակրում է մի քանի միջատիկով: Նա հազվադեպ է իջնում գետնին, որովհետև վատ է քայլում և գետնից էլ դժվարությամբ է վեր թռչում: Ջուրն անգամ խմում է թռչելիս՝ կտուցով որսալով կաթիլը: Ձմռանը ծիծեռնակները չվում են: Ձմեռում են Սահարա անապատից հարավ ընկած տարածքում և Ասիայի տրոպիկական հատվածներում:

Ծիծեռնակները շատ բազմազան են, առկա է 79 տեսակ, միայն թե արտաքնապես դա գրեթե նկատելի չէ: Տարբեր տեսակների պատկանող ծիծեռնակները նաև միանման ապրելակերպ ունեն: Իրենց բները ծիծեռնակները կառուցում են այնպիսի տեղերում, որտեղից հեշտ է անմիջապես սրընթաց թռչելը՝ քարափներին, պատերին, կտուրներին: Բները հիմնականում կառուցված են ծղոտից և ամրացված են հողով ու կավով: Քաղաքաբնակ ծիծեռնակների բները գնդաձև են, գյուղաբնակներինը՝ բաժականման: Իսկ ծովափնյա ծիծեռնակները երբեմն փոսիկներ են փորում ու այնտեղ պատրաստում իրենց բույնը: Ներկայումս այնպես է ստացվել, որ ծիծեռնակները դարձել են սինանտրոպ թռչուններ, այսինքն՝ հիմնականում ապրում են այնտեղ, որտեղ մարդն է ապրում: Ծիծեռնակների զույգերը առաջանում են թռիչքի ընթացքում կամ էլ բնային «գաղութի» ներսում և պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում: Այսինքն, սրանք սոցիալապես մոնոգամ (ունենում են կյանքի մեկ զուգընկեր) թռչուններ են:

Չնայած նրան, որ ծիծեռնակները մոնոգամ են, բայց պարզվում է, որ նրանց մոտ ևս, ինչպես մարդկանց մոտ, հաճախակի են զուգընկերոջ «դավաճանության» դեպքերը: Այս ամենը հաստատվել է թռչնաբանների վերջին հետազոտությունների արդյունքում: Պարզվում է՝ հաճախակի են լինում միջզույգային բեղմնավորումները, ընդ որում՝ այնքան հաճախակի, որ ներկայումս քննարկվում է այն հարցը, որ ծիծեռնակներին համարեն պոլիգամ թռչուններ: Գենետիկ հետազոտությունները ցույց են տվել, որ բնում գտնվող ճուտիկների առնվազն 15 %–ը գենետիկ կապ չունեն իրենց «հայրիկների» հետ, այսինքն՝ «արտամուսնական» են: Պարզվում է նաև, որ 32 % դեպքերում բնում գտնվող ձվերից առնվազն մեկը տվյալ բնի «մայրիկինը» չէ, այսինքն՝ այլ էգ է ձու դրել: Ընդ որում, «հայրիկները» այնքան անպատասխանատու են, որ բույնը կառուցելուց հետո, երբ էգը արդեն ձվադրել է, նրանց կարելի է տեսնել այլ բների մոտ պտտվելիս:

դիտվել է 1 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված