Ահա թե ինչ փաստաթուղթ է ստորագրել Սերժ Սարգսյանն՝ ապրիլի 21-ին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին որոշեց հեռանալ Հայաստանի վարչապետի պաշտոնից։

«Սերժ Սարգսյան, հեռացի՛ր», «Մերժի՛ր Սերժին» պաստառներով տասը օրից ավել ընդդիմադիր երթեր և հանրահավաքներ անցկացնող հայ հասարակությունը Սերժ Սարգսյանի այս որոշումը որակեց հաղթանակ՝ Հանրապետության Հրապարակից հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց հասարակական ուժեղ ճնշման հետևանքով։

Թվում էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարականի որոշումը կայացրեց ապրիլի 23-ին՝ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի և առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո, բայց արի ու տես, որ Սերժ Սարգսյանն իր պարտականությունները Կարեն Կարապետյանին ժառանգելու որոշումը կայացրել էր դեռ օրեր առաջ՝ ապրիլի 21-ին։

e-gov.am կայքի՝ վարչապետի որոշումներ բաժնի ուշադիր զննությունից պարզ է դառնում, որ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը դեռևս ապրիլի 21-ին ստորագրել է որոշում, ըստ որի, Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվել է վարչապետին փոխարինելու և վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը։

Այսինքն, այս փաստաթղթից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանն իր լիազորությունները հանձնել է առաջին փոխվարչապետին՝ իր պարտականությունները կատարելու անհնարինության հիմքով։

Ստացվում է՝ Սարգսյանը ոչ թե հրաժարական է տվել, այլ անհնարին է եղել իր հետագա պաշտոնավարումը, իսկ Սահմանադրությունը սահմանում է անհնարինության մի շարք պատճառներ, որոնցից մեկն, օրինակ, կարող է լինել հիվանդությունը, ժամանակավոր անաշխատունակությունը։

Հստակ է մի բան, որ Սահմանադրությունը տարբեր լուծումներ է դնում սեղանին հրաժարականի և պարտականությունների կատարման անհնարինության դեպքերի համար և այս երկու բառերը ոչ թե բառախաղ են, այլ քաղաքականության մեջ մանևրելու շատ լավ գործիքներ։

դիտվել է 512 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված