Բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսով օրինական. Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին

Կառավարությունը, կամ վարչապետը չեն որոշում՝ ում ձերբակալել, ում բաց թողել. բոլոր գործողությունները կատարվում են օրինական կերպով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 9-ին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ես Ազգային անվտանգության ծառայության առաջ խնդիր չեմ դնում, որ խոշոր բացահայտում անեն: Ես ասում եմ, որ պետք է լինի օրինականություն»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով մարդկանց ունեցած թերահավատությանը, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկում, հետո ազատ արձակում, Փաշինյանը նշեց՝ հակառակը՝ դա պետք է վստահություն ներշնչի, որ եթե կոնկրետ գործով կան կոնկրետ ապացույցներ, իրացվում են, եթե չկան՝ չեն իրացվում: «Կառավարությունը, կամ ես ոչ մեկի չենք զանգում ու ասում՝ այս մարդու ձերբակալել, կամ բաց թողնել: Բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսով օրինական: Ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանում չկա, իսկ նրանք, ովքեր անձեռնմխելի են օրենքով, նրանց անձեռնմխելիությունը հաղթահարելու եղանակներ օրենքով ևս մշակված են»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքի հետ կապված ԱԱԾ վերջին գործողություններին՝ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը չի եղել նախաձեռնողը, և դա չի եղել ինքնանպատակ: «Եղել է քաղաքացի, ով դիմում է գրել ինձ, որ նման խնդրի առաջ է կանգնած: Ես մակագրել եմ ԱԱԾ: Ազգային անվտանգության ծառայությունն էլ քաղաքացուն հրավիրել է: Նա բացատրություն է տվել, հաղորդում է տվել հանցագործության մասին և գործին ընթացք է տրվել»,-եզրափակեց վարչապետը:

դիտվել է 1 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված