Կլանային բիզնես ֆինանսների նախարարությունում

Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները հայտարարեցին կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլ: Կոռուպցիոն առաջին բացահայտումներից մեկը եղավ «Նորֆոլկի» գործը:

Եթե պարզ ասենք, «Նորֆոլկը» մենաշնորհային սկզբունքներով մաքսազերծում էր բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների՝ Հայաստանի տարածք ներմուծված ապրանքները: Ընկերությունը անմիջական կապ ուներ նախկին իշխանությունների որոշ օղակների հետ, ընդհուպ՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի, և հսկայական շահույթներ էր ստանում, իսկ պետությունը՝ մեծ վնասներ:


Ահա այսպիսի մի «Նորֆոլկ» էլ ֆինանսների նախարարության և պետգնումների ոլորտում տարիներ շարունակ հանդիսանում է «Ինտեր լիմենս» ընկերությունը: Այս ընկերությունը հիմնադրել է ՀՀ ֆինանսների ներկայիս փոխնախարար Կարեն Բրուտյանը: Ընկերությունը մենաշնորհային սկզբունքներով զբաղվում է պետական գնումների կազմակերպմամբ և գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը հսկայական շահույթներ է ապահովում:

Երբ մենք օրերս անդրադարձանք ՀՀ ֆինանսների նախարարությունում առկա անառողջ մթնոլորտին, որի մասին պատմել էին հենց նախարարության աշխատակիցները, հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ լսեցինք «Ինտեր Լիմենսի» մասին: Հետաքրքրվելով այս ընկերության գործունեությամբ, բնավ չէինք պատկերացնում, որ գործ ունենք խմբակային-կլանային, պաշտոնական դիրքերի չարաշահումների, կոռուպցիոն ռիսկերի, հովանավորչության մի ամբողջ կծիկի հետ:


Ինչպես նշեցինք, 2000 թվականին հիմնադրված այս ընկերությունը տրամադրում է հանրային և մասնավոր հատվածի կազմակերպություններին, անհատներին մասնագիտական ու իրավաբանական խորհրդատվություն, այլ խոսքերով՝ գնման գործընթացների կազմակերպման խորհրդատվական ծառայություն: Ոչ մի այլ ընկերություն նման գործունեությամբ Հայաստանում չի զբաղվում: Շատ պարզ պատճառով. ընկերության սեփականատերերը, ղեկավարները անմիջական կապ ունեն ՀՀ ֆինանսների նախարարության և պետեկամուտների կոմիտեի հետ, և պարզապես թույլ չեն տա այլ ընկերությունների զբաղվել խորհրդատվական գործունեությամբ:

Նախ, այն մասին, թե ովքեր են առնչվում «Ինտեր Լիմենսի» հետ:

Կարեն Բրուտյան. ընկերության հիմնադիրներից մեկն է, որը 2011-16 թթ. եղել է «Ինտեր Լիմենսի» խորհրդի նախագահ: Մինչև խորհրդի նախագահ լինելը՝ 2008-2011 թվականներին եղել է ՀՀ ֆիննախի պետգնումների վարչության պետն է եղել: Ըստ էության, այս բիզնես-մեխանիզմի հեղինակն ու գլխավոր գործող անձն է: Բոլոր ընկերությունները, որոնք ցանկանում էին մասնակցել պետգնումների մրցույթներին, միայն «Ինտեր Լիմենսին» պետք է դիմեին:

2011 թվականին Կարեն Բրուտյանը դուրս է գալիս «Ինտեր լիմենսից» և նրան փոխարինում է իր ընկերը՝ Սերգեյ Շահնազարյանը: 2 տարի անց վերջինս նշանակվում է ՀՀ ֆիննախի պետգնումների վարչության պետ: Այն նույն պաշտոնին, որը զբաղեցրել էր Կարեն Բրուտյանը: Նույն թվականին ֆինանսների նախարարությունը միացնում են պետեկամուտների կոմիտեին և Սերգեյ Շահնազարյանը դառնում է միացյալ այս կառույցի պետգնումների վարչության պետը: Իսկ «Ինտեր Լիմենսում» նրա փոխարեն տնօրեն է նշանակվում, չզարմանաք, Կարեն Բրուտյանի քավորի՝ ՀՀ ներկայիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի եղբայր Գագիկ Ջանջուղազյանը: Խառն է, չէ՞: Բոլորը իրար բարեկամ, խնամի են:

Բայց սա վերջը չէ. 2016 թվականին ֆինանսների նախարարությունն ու պետեկամուտների կոմիտեն առանձնացնում են, Սերգեյ Շահնազարյանը նորից դառնում է ֆինանսների նախարարության պետգնումների վարչության պետ: Արդեն առանձին գործող պետեկամուտների կոմիտի պետգնումների վարչությունում նոր պետ է նշանակվում: Թող տարօրինակ չթվա, պետ է նշանակվում Սերգեյ Շահնազարյանի եղբայրը՝ Կարենը:

Պատկերացնում եք, չէ՞, ֆիննախի ու ՊԵԿ-ի պետգնումների վարչությունների ղեկավարները եղբայրներ են: Կարեն Բրուտյանն այդ ընթացքում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն է, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆիննախում գանձապետը, Ատոմ Ջանջուղազյանի եղբայրն էլ՝ «Ինտեր Լիմենսի» տնօրենը: Կլանային տեսք ունեցող այս շղթան գործող անձանց խոշոր եկամուտներ ապահովում: Այստեղ մենք գործ ունենք փոխկապակցված շահերի հետ: Հենց այս ձևաչափով էլ նշված խումբը մինչև հիմա էլ գործում է: Ընդամենը Ատոմ Ջանջուղազյանը ֆինանսների նախարար է դարձել, նրա սանիկը՝ Կարեն Բրուտյանը, առաջին տեղակալ:

Մնացածը նույնն է. ցանկացած ընկերություն, որը ցանկանում է մասնակցել պետգնումների մրցույթներին, ստիպված պետք է լինի վճարել «Ինտեր Լիմենսին» և նրա բարձրաստիճան հովանավորյալներին:

Այս մարդիկ այնքան վստահ են իրենց անպատժելիության և այս կոռուպցիոն մեխանիզմի անխափան աշխատանքի մեջ, որ չեն էլ թաքցնում, որ իրենց պաշտոնական դիրքն օգտագործում են «Ինտեր Լիմենսի» համար շահույթ ապահովելով:

Մասնավորապես, Պետեկամուտների կոմիտեն մրցույթ է հայտարարել, օրինակ՝ գրենական պիտույքներ ձեռք բերելու համար: Հայտարարության մեջ նշված են մրցույթի պայմանները, մասնակցելու ձևաչափը և այլն: Վերջում էլ նշել են պետեկամուտների կոմիտեի համապատասխան հեռախոսահամարը՝ 060 544-709, հասցեն՝ Խորենացի 7 և էլեկտրոնային հասցեն.... [email protected]: Այսինքն, պետեկամուտների կոմիտեն մասնավոր ընկերության հասցեով է ընդունում գնումների մրցույթներին մասնակցության հայտերը: Այն մասնավոր ընկերության, որի ներկայիս միակ բաժնետեր է հանդիսանում Սերգեյ Շահնազարյանը, որի եղբայրն էլ ՊԵԿ-ի պետգնումների վարչության պետն է: Կարո՞ղ ենք սա համարել կոռուպցիոն ռիսկեր պարունակող փաստ: Միանշանակ: Կարո՞ղ ենք պնդել, որ պետգնումների մրցույթներում «Ինտեր Լիմենս» ընկերությունը Ֆիննախի և ՊԵԿ պետգնումների վարչությունների հետ փոխկապակցված շահեր է հետապնդում: Միանշանակ: Մեզ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են այս փաստը պարզաբանելու:

Մեկ ուրիշ ապշեցուցիչ փաստ ներկայացնենք. օրինակ, 2013 թվականի նոյեմբերին ՊԵԿ-ը գնումների մասին հերթական հայտարարություն է տվել: Նորից, հայտարարության վերջում ՊԵԿ-ի հեռախոսահամարը, հասցեն ու էլեկտրոնային հասցեն՝ [email protected]: Դժվար չէ կռահել, որ սա ՀՀ ֆիննախի պետգնումների վարչության ներկայիս պետ Սերգեյ Շահնազարյանի անձնական փոստի հասցեն է: Ու ամբողջ խնդիրն այն է, որ այդ ժամանակ Սերգեյ Շահազարյանը որևէ կապ չի ունեցել ՊԵԿ-ի հետ, այնտեղ չի աշխատել, ու հարց է առաջանում. ինչո՞ւ է ՊԵԿ-ը մրցույթի հայտարարության համար նշում իր կառույցի հետ կապ չունեցող անձի էլեկտրոնային հասցեն. պատասխանը նորից նույնն է. «Ինտեր լիմենսի» հետ փոխկապակցված շահերն ու համատեղ բիզնեսը: Եվ նման փաստերը բազմաթիվ են, դրանք բաց են, Azdarar.am կայքում:

Ամփոփելով, նշենք. արդեն տարիներ շարունակ մի խումբ անձինք՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ստեղծել են այսպես ասած՝ նեղ ընտանեկան բիզնես կառույց՝ «Ինտեր Լիմենս» անունով, որի միջոցով վերահսկում են պետական գնումների ամբողջ համակարգը, առ այսօր զբաղվում են այդ բիզնեսով, հովանավորչական գործունեություն են ծավալում՝ ստանալով մեծ եկամուտներ:

Այդ խմբում ներգրավված են. ՀՀ ֆինանսերի առաջին փոխնախարար Կարեն Բրուտյանը, վերջինիս քավորը՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կարեն Բրուտյանի մերձավորները՝ եղբայրներ Կարեն և Սերգեյ Շահնազարյանները, որոնցից մեկը ՀՀ ֆիննախի, մյուսը՝ ՊԵԿ-ի պետգնումների վարչության պետն է, «Ինտեր Լիմենս» ընկերության տնօրեն Գագիկ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարարի եղբայրը:

Իհարկե, կարելի է ասել, որ սա ժամանակավոր կառավարություն է, որ շատ բան կփոխվի խորհրդարանական ընտրություններից հետո և այլն: Բայց եթե նոր կառավարությունը հայտարարել է կոռուպցիայի դեմ անողոք պայքարի մասին, ապա պետք է տեղյակ լինեն, որ հենց կառավարության ներսում ահա նման երևույթ կա, և սրան պետք է համապատասխան կերպով արձագանքել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Ի դեպ, «Նորֆոլկի» գործը բացահայտել էր ԱԱԾ-ն: Ահա ձեզ եվս մեկ «Նորֆոլկ»:

 

Նյութի աղբյուրը` Hayastan24.com

 

 

 

 

 

 

դիտվել է 12 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված